Главная » 2011 » Ноябрь » 24 » Հայաստանը ուժասպառ է լինում արտագաղթից. Թոմաս դե Վաալ
 

01:54
Հայաստանը ուժասպառ է լինում արտագաղթից. Թոմաս դե Վաալ
Հայաստանը ուժասպառ է լինում արտագաղթից. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալն իր հերթական հոդվածում գրել է, թե «Հայաստանի բնակչությունը սպառվում է»: The National Interest հանդեսում Դե Վաալը արտագաղթի թեման արծարծում է նախ` Գյումրի այցելության հուշերով: Վաշինգտոնում տեղակայված Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի փորձագետը, «Ազատության» փոխանցմամբ, նկատում է` թեև երկրաշարժից 23 տարի է անցել, Գյումրին դեռ չի վերականգնվել, 6000 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, և ավելացնում` դեռ խորհրդային կառավարությունն էր այդ մարդկանց հատկացրել ժամանակավոր կացարան: «Բայց Գյումրիում կա շատ ավելի թաքնված խնդիր, որն առավել ակնհայտ է մայրաքաղաք Երևանի կամ նախկին խորհրդային միության մեծ քաղաքների համեմատ»,- գրում է Թոմաս դե Վաալը և նշում, որ տների կեսը լքված են, հազարավոր մարդիկ ուղղակի հեռացել են: Փորձագետը համադրում է անցյալ ամսվա վերջին յոթմիլիարդերորդ մարդու ծննդյան կապակցությամբ համաշխարհային հրճվանքն ու որոշ երկրներում ժողովրդագրական անբավարար պատկերը: «Մեծ մասամբ նախկին խորհրդային երկրներում, ինչպես Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում, ծնելիության ցածր ցուցանիշների պատճառով բնակչությունն անհրաժեշտ չափով չի համալրվում»,- գրում է Դե Վաալը և վկայակոչում այն պնդումը, թե ժողովրդագրական ցուցանիշների անկման պատճառը նաեւ արտագաղթն է: «Այս խնդիրը հարվածել է նաև Կենտրոնական Ասիային, Վրաստանին, Ադրբեջանին, որտեղ հիմնականում գյուղական երիտասարդությունը մեկնում է առավելապես Ռուսաստան կամ նախկին Խորհրդային Միության մի շարք մեծ քաղաքներ», - գրում է փորձագետը: Ըստ Թ. դե Վաալի` Հայաստանի արտագաղթը բացարձակ թվերով ավելի վատը չէ, քան Հարավային Կովկասի երկու հարևան երկրներում` Ադրբեջանում և Վրաստանում: Նա նշում է, որ Հայաստանը փոքր երկիր է, և որ այս հանգամանքն արտագաղթը դարձնում է առավել քննադատելի խնդիր: «2001թ. մարդահամարի տվյալներով Հայաստանում ավելի քան 3 միլիոն մարդ էր ապրում, բայց հիմա ասում են, որ դա ավելի լավ ցուցանիշ էր քան այն, ինչ կա այսօր: Ցուցանիշներն անկում են արձանագրել, բացի 1989-1992թթ. իրավիճակից, երբ Հայաստան գաղթեցին Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից կամ Միջին Արևելքից», - մտահոգվում է վերլուծաբանը` հիշեցնելով 2009թ. անցկացրած «Գելափ»-ի հարցումները, համաձայն որոնց Հայաստանի բնակիչների 44 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել մեկնել արտագնա աշխատանքի: Վերլուծաբանն անդրադառնում է նաև Ռուսաստանի կառավարության «Հայրենակիցներ» ծրագրով Հայաստանը լքելու խնդրին: Նրա գնահատմամբ` Ռուսաստանը Հայաստանի հիմնական գործընկերն է, բայց «դաշնակիցներից մեկն իր ժողովրդագրական խնդիրները լուծում է մյուսի հաշվին»: Հոդվածում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետը հիշում է Հայաստանում ընդդիմադիրների հետ զրույցները: Նա գրում է, որ ընդդիմադիրները պնդում էին, թե կառավարությունը հետաքրքրված չէ արտագաղթի դադարեցման հարցով: «Դա գործածվում է որպես ճնշման միջոց` դժգոհ զանգվածների դեպքում կառավարության հեղինակությունը նսեմացնելու նկատառումներով: Նրանք դա ասում են, եւ հայտարարում, որ դա թույլ է տալիս իշխանությանը հեշտ ընտրակեղծիքներ անել»,- գրում է դե Վաալը: Ըստ նրա` դժվար է ասել, որ երկիրը զարգանում, է, երբ այն ուժասպառ է դառնում արտագաղթից: Փորձագետը ելքը համարում է տնտեսական և քաղաքական խնդիրների լուծումը, նաև կարևոր է համարում Հայաստանում կրթության որակի բարձրացումը: Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետն իր հրապարակումը եզրափակում է հույսով, թե երբևէ Հայաստանը կապրի ազգային ծաղկունք, գաղթականները կվերադառնան:
Просмотров: 964 | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog